Հարց չգիտեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փորձել են լուծել, չի լուծվել. Պապոյանը՝ հայ տնտեսվարողների խնդիրների մասին | 1lurer.am

1lurer.am Տևական ժամանակ է՝ մեր տնտեսվարողները, բեռնափոխադրողները Վրաստանում լրջագույն խնդիրներ ունեն: Ամիսներ շարունակ ձգձգվում է նրանց ապրանքների մուտքը ՀՀ, այդպես է նաև ՀՀ-ից արտահանվող ապրանքների դեպքում: Տնտեսվարողներն ահազանգում են, թե շատ դեպքերում Վրաստանի իշխանությունները բեռների անխոչընդոտ տեղափոխման հարցերը լուծում են որոշակի նյութական շահագրգռության դիմաց: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսքն ուղղելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչքան պետք է շարունակվի, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց Վրաստանի սահմանն անցնեն:

Նախարար Պապոյանը պատասխանեց՝ Հայաստանում միակ մարդն է եղել, որ իրավապահներին է դիմել այդ հարցով:

«Իրավապահներին եմ դիմել այդ հարցով: Մարդ չի եղել, որ գա, ասի՝ այդպիսի բան է եղել: Հրապարակային հայտարարություններ են եղել Ֆեյսբուքի իմ էջում, 100-ավոր մարդիկ այդպիսի բան են գրել: Դիմել եմ իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները դիմել են այդ մարդկանց, և մեկ հոգի չի եղել՝ հաստատի, որ եղել է նման մի բան: Չգիտեմ ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց գիտեմ մի բան. ՀՀ-ում չի եղել մեկ հոգի, որ գնա, ասի՝ հաստատում եմ, գիտեմ: Այս բանը, որ գրել եմ Պապոյանի մեկնաբանության տակ, հաստատում եմ դա: Չի եղել դա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Վրաստանում հայ տնտեսվարողների հետ ծագած խնդիրներին, ապա, ըստ նախարարի, դրանք Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնվել են, և խնդիրները լուծվել են:

«Վաղն էլ Թբիլիսիում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջկառավարական հերթական նիստը, և բոլոր հարցերը կքննարկվեն:

Հանդիպումներն անցնում են մասնագիտական և քաղաքական առումով բավականին հագեցած մթնոլորտում, հագեցած օրակարգով և բավականին լավ մթնոլորտում: Հարց չգիտեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փորձել են լուծել, չի լուծվել: Հերթական փուլում կլուծենք հարցերը, որոնք մնացել են»,-ասաց նա:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչքանով է ՀՀ-ն տեր կանգնում իր գործարարին, վարորդին ու քաղաքացուն, եթե նրանք Վրաստանի հետ խնդիրները բարձրաձայնեն, նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության աշխատանքի արդյունքում Վրաստանում մնացած մեքենաներն արդեն ՀՀ-ում են:

«Անցած տարվա ընթացքում տարբեր խնդիրներ առաջացել են, և այդ խնդիրներն ընթացիկ լուծել ենք: Այդ խնդիրների մի մասը, մեր կարծիքով, օբյեկտիվ չի եղել, մի փոքր մասն էլ կարող է և օբյեկտիվ է եղել: Կան դեպքեր, որ մենք X գործարարի Y ապրանքը թույլ չենք տալիս, որ երկրից դուրս գա, որովհետև դա ունի խնդիր: Բայց կան դեպքեր, որ դանդաղեցումներն արդար չեն եղել»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն