2014-ի սեպտեմբերի 21-ին Սիրիայում պայթեցվեց Դեր Զորի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, իսկ 6 տարի անց թիրախավորվեց Շուշիի Ղազանչեցոց տաճարը։ Սա պատահականությո՞ւն է, թե՞ մշակութային զտման համակարգված ծրագիր։ Ժամանակակից հակամարտությունները վաղուց դուրս են եկել զուտ տարածքային վեճերի տիրույթից՝ վերածվելով հիշողության և ինքնության դեմ ուղղված պայքարի։ «Քաղաքային ժառանգության ազգագրություն» գրքի գլուխներից մեկը նվիրված է այն թեմային, թե ինչպես է մշակութային կոթողների ոչնչացումն օգտագործվում որպես գործիք պատմական նարատիվները վերափոխելու և էթնիկ ներկայության հետքերն ամբողջությամբ ջնջելու համար։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանի և Մեսինայի համալսարանի դոցենտ, մշակութային մարդաբան Մարչելո Մոլլիկայի «Դեր Զորի հուշահամալիրից մինչև Շուշիի մայր տաճար. մշակութային զտում և անդրազգայնացում» հետազոտությունը ներկայացնում է, թե ինչպես է Սիրիայում բախումների և Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության կորուստն ու թիրախավորումն ազդում մարդկանց հավաքական հիշողության ու ժամանակակից հակամարտությունների դինամիկայի վրա:
«Ինֆոքոմի» հետ զրույցում Արսեն Հակոբյանը նշում է` հոդվածը Մարչելո Մոլլիկայի հետ երկարատև համատեղ աշխատանքի մի մասն է․ նույն ժամանակահատվածում նրանք միասին աշխատում էին «Կոնֆլիկտ, տարածք, անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի վրա։
Արսեն Հակոբյանի խոսքով՝ իրենց գլխավոր մարտահրավերը դինամիկ զարգացող հակամարտությունն էր, քանի որ հետազոտությունը սկսել էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Իրադարձությունների սրընթաց զարգացումը հետազոտողներից պահանջում էր ոչ միայն մշտական մոնիթորինգ, այլև վերլուծական ճկունություն՝ նոր իրողություններին արձանագրելու համար։
Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Թուրքիան ներգրավվեց որպես ընդդիմության գլխավոր աջակից։ Հակամարտության ընթացքում թուրքական գործոնի ազդեցությամբ ու մասնակցությամբ նպատակաուղղված թիրախ դարձան նաև տեղի հայկական մշակութային արժեքները։
Դեր Զորը հայ ժողովրդի համար Մեծ եղեռնի ամենաառանցքային ու ցավոտ խորհրդանիշներից է, որտեղ Օսմանյան կայսրության կազմակերպած բռնագաղթի ճանապարհով տեղահանված հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին համակարգված բնաջնջման և մատնվեցին սովի: Հեղինակները գրում են՝ մոտ մեկ դար անց այս ողբերգության վայրում կառուցված Սրբոց նահատակաց հուշահամալիր-եկեղեցու նպատակային պայթեցումը Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) կողմից, որը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, 2014 թվականին դարձավ ցեղասպանության խորհրդանշական շարունակությունը. սա մշակութային հիշողությունը ջնջելու գիտակցված քաղաքականության դրսևորում էր:
Այնուհետև հեղինակների հետ տեղափոխվում ենք 2020 թվական, երբ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ադրբեջանական զինուժը թիրախավորեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ապա հոկտեմբերի 8-ին երկու անգամ հրթիռային հարված հասցրեց տաճարին՝ լուրջ վնասներ պատճառելով եկեղեցու գմբեթին և ներքին հարդարանքին։
Հեղինակները գրում են՝ չնայած աշխարհագրական տարբերություններին՝ երկու տարածաշրջաններում էլ ընդգծվում է նույն ձեռագիրը՝ մշակութային ցեղասպանության և ժխտողականության տարրերով։ Հայկական հիշողության վայրերն ու սրբավայրերը թիրախավորվում են ոչ թե ռազմական անհրաժեշտությունից ելնելով, այլ որպես պատերաղմի շարունակություն ու «հաղթանակի խորհրդնշական ամրագրում», երբ ֆիզիկականին հաջորդում է մշակութային հետքերի վերացումը։
Հեղինակները եզրահանգման են գալիս, որ Դեր Զորի հուշահամալիրի ավերումն ու Շուշիի Ղազանչեցոց տաճարի թիրախավորումը փոխկապակցված գործընթացներ են՝ ընդդեմ հայկական ինքնության ու հիշողության, համապատասխան քաղաքական, գաղափարական գործիքակազմով։ Արսեն Հակոբյանն այս համատեքստում կարևոր է համարում շեշտել թուրքական ցեղասպանական ռազմավարության շարունակականությունը, որը վերակենդանացնում է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հիշողությունը․ հայկական հանրային դիսկուրսում Թուրքիայի ներգրավվածությունը Արցախյան երկրորդ պատերազմում ընկալվում է որպես հայաջինջ քաղաքականության շարունակություն։
Գիտնականն ընդգծում է՝ Ադրբեջանի վերջնական նպատակն է ցույց տալ, թե իբր Արցախում հայեր չեն ապրել․ ըստ Ադրբեջանի պետական և գիտահասարակական կեղծ պատումների՝ Արցախում հայեր եթե նույնիսկ ապրել են, ապա «վերջիններս տարածքում հայտնվել են 19-րդ դարում և եկվոր են»։ Պատմության նմանօրինակ զեղծարարությունը հող է նախապատրաստում հայկական հետքի լիակատար ջնջման համար, ինչն այսօր դրսևորվում է նաև բացահայտ մշակութային զտման քաղաքականությամբ։ Հետազոտողի խոսքով՝ 2023 թվականից հետո վտանգված են ոչ միայն Արցախի հուշարձանները, այլև քաղաքներն ու գյուղերը` իրենց ժամանակակից պատմությամբ և հիշողության վայրերով․ Ստեփանակերտում և Շուշիում, օրինակ, կարելի է ամբողջական թաղամասերի ոչնչացում տեսնել։
Հեղինակները շեշտում են, որ եթե Սիրիայում այդ երկրի միջազգայնորեն ճանաչված լինելու հանգամանքը մասամբ թույլ էր տալիս խոսել ժառանգության պաշտպանության իրավաքաղաքական մեխանիզմների մասին, ապա Արցախի դեպքում միջազգայնորեն չճանաչված կարգավիճակը գործեց հօգուտ Ադրբեջանի, որը հաջողությամբ արգելափակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը և հնարավորություն ստացավ անարգել ոչնչացնելու հայկական հուշարձանները:
«Աշխարհում արցախյան դեպքը բացառիկ է․ բարդությունն այն է, որ միջազգային կազմակերպությունները մուտք չունեն դեպի Արցախ, որովհետև Ադրբեջանը հետևողականորեն մերժում է նման թույլտվությունը։ Նույնիսկ այսօր՝ Արցախի անկումից հետո, իրավիճակը կրկին ճգնաժամային է։ Քանի որ Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, առաջանում է պատասխանատվության վակուում. անհայտ է՝ ում իրավասության ներքո է մնում ժառանգության պահպանության հարցը»։
Արսեն Հակոբյան
Գիտնականի կարծիքով` հայկական կողմը պետք է ձևավորի մշակութային ժառանգության պաշտպանության հստակ պետական ռազմավարություն և գործիքակազմ՝ միջազգային հարթակներում թիրախավորված ավերածությունների դեմ պայքարը քաղաքական օրակարգ բերելու համար։
Ադրբեջանը 2020 թվականին թիրախավորել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, որը հայկական ինքնության առանցքային խորհրդանիշներից է։ Ըստ հետազոտության՝ 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցու գնդակոծումը, ապա Շուշիի անկումից հետո հայկական գմբեթի հեռացումը ոչ թե սովորական «վերանորոգման աշխատանքներ» են, ինչպես պնդում են ադրբեջանական իշխանությունները, այլ քաղաքային միջավայրի ժառանգության ապահայկականցման նպատակուղղված քաղաքականություն, լայն առումով՝ մշակութային ցեղասպանության մաս։ Ադրբեջանական կողմը փորձում էր, օրինակ, տաճարը ներկայացնել որպես ռուսական ուղղափառ ժառանգության մաս՝ մերժելով հայկական ծագումը։
Արսեն Հակոբյանը շեշտում է՝ Ղազանչեցոց տաճարը բացառիկ տարածական և սիմվոլիկ դոմինանտություն ունի Շուշիի լանդշաֆտում․ պատմականորեն հայկական թաղամասը զբաղեցնում էր քաղաքի բարձրադիր հատվածը, և եկեղեցին, լինելով բարձր կառույց, տեսանելի էր բոլոր կողմերից։ Ի հակադրություն սրա՝ մահմեդական թաղամասն ու մզկիթները գտնվում էին քաղաքի ստորին հատվածում։
Գիտնականի խոսքով՝ տաճարի դեմ պայքարը նոր երևույթ չէ. այն թիրախ էր Շուշիի 1920 թ․ հայկական ջարդերի ժամանակ, իսկ խորհրդային տարիներին Ադրբեջանը փորձում էր նսեմացնել կառույցի տեսանելի դոմինանտությունը։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը տաճարն օգտագործում էր որպես զինանոց հրթիռներ պահելու համար: Այսօր այդ քաղաքականությունը ստացել է նոր թափ. Ադրբեջանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ, սկսվել է, այսպես կոչված, «Հաղթանակի մզկիթի» շինարարությունը։ Այն նախագծված է այնպես, որ իր բարձրությամբ և դիրքով գերազանցի Ղազանչեցոցին՝ խորհրդանշորեն «ճնշելով» հայկական ճարտարապետության կոթողը, և տեղակայված է պատմական հայկական թաղամասում, որտեղ երբեք մահմեդական կառույցներ չեն եղել ։
Արսեն Հակոբյանի խոսքով՝ Շուշին դարձավ մի վայր, որտեղ մշակութային զտումների պրակտիկան առավել ցայտուն ու ակնառու դրսևորվեց. ոչնչացում, ժառանգության խեղում, ժխտաղոկանության փառաբանում։ Հեղինակների գրում են` այն ինչ նախկինում տեղի է ունեցել Նախիջևանում, հիմա շարունակվում է Արցախում՝ նպատակ ունենալով «ադրբեջանականացնել» և ջնջել հայկական հետքը։
44-օրյա պատերազմից հետո Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությունը հայտնվեց ճգնաժամի կիզակետում։ Քանի որ միջազգային կազմակերպությունները չկարողացան օգնել, Հայ առաքելական եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցու և խաղաղապահների միջնորդությամբ փորձեց ապահովել վանական համալիրների անվտանգությունն ու հոգևոր կյանքի շարունակականությունը։ Արսեն Հակոբյանը փաստում է՝ ճգնաժամային իրավիճակում հայ եկեղեցին հանդես եկավ որպես կենսունակ ինստիտուտ, որն իր բնույթով ու կառուցվածքով կարողացավ հաղթահարել ռազմաքաղաքական սահմաններն ու խոչընդոտները։ Ստեղծված ճգնաժամային պայմաններում կազմակերպվեցին դեպի սահմանամերձ վանքեր ուխտագնացություններ, որոնք դարձան ոչ միայն հոգևոր արարողություններ, այլև ինքնության պահպանման և դիմադրության յուրօրինակ ձևեր։
Հեղինակները գրում են, որ հայ հոգևորականները մնացին Դադիվանքում որպես վերջին պահապաններ՝ լքելով սրբավայրը միայն արցախահայերի 2023 թ․ բռնի տեղահանման վերջին օրերին: Ռուսական զորքի դուրսբերմամբ և 2024 թ․ ապրիլին վանքի տարածք ադրբեջանական ոստիկանության մուտքով ավարտվեց Դադիվանքի համար մղվող երկարատև պայքարը։
«Հոգևորականների ֆիզիկական ներկայությունը անմիջական երաշխիք էր Դադիվանքում, քանի որ նրանք վերջիններից էին, որ լքեցին Արցախը։ Մինչև վերջին պահը Դադիվանքը իր բնույթով մնաց հայկական` շնորհիվ հայ վանականների և եկեղեցու»։
Արսեն Հակոբյան
Ինչպես նշում է գիտնականը, սկզբում Դադիվանքը սահման էր, այնուհետև դարձավ անկլավ, ապա Ադրբեջանը փորձեց սահմանափակել ուխտավորների մուտքը տարածք: Սակայն այս ամենը ցույց էր տալիս, որ Դադիվանքը մի կետ է, որը կուլ չէր գնացել Ադրբեջանին ու մնում էր մշակութային-հոգևոր դիմադրության մի կղզյակ։
Ըստ հետազոտողի՝ այս փորձառությունը կարող է մոդելային հանդիսանալ միջազգային այլ հակամարտությունների համար, որտեղ մշակութային ժառանգության պահպանությունը բախվում է քաղաքական փակուղիների։
«Դադիվանքի օրինակը մշակութային մարդաբանության տեսանկյունից դիտարկվում է որպես ժառանգության պահպանության համար մղվող պայքար, երբ քաղաքական ինստիտուտների թուլության կամ անկարողության պայմաններում, եկեղեցին ստանձնում է նման գործառույթ»։
Արսեն Հակոբյան
Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվում նաև այն հարցին, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում Արցախի հայկական մշակութային ժառանգության համակարգված «աղվանացման» քաղաքականությունը՝ փորձելով խոցելի փոքրամասնության՝ ուդիական համայնքի միջոցով յուրացնել պատմական վանքերն ու եկեղեցիները։ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը կազմակերպեց ուդիական համայնքի այցը հայկական վանական համալիր, որտեղ մատուցված աղոթքը դարձավ մշակութային յուրացման հերթական քայլը։
Հեղինակների խոսքով՝ «աղվանացման» թեզի նման քաղաքական գործիքավորումը նոր չէ. դեռևս 2019 թ․ նույն սցենարը կիրառվել էր Թուրքիայում։ Այն ժամանակ ադրբեջանցի ուդիների ուխտագնացությունը Վանի Աղթամար վանք նպատակ ուներ կրոնական ծեսերի միջոցով հայտարարել հայկական սրբավայրի նկատմամբ իրենց կեղծ «իրավունքների» մասին։ Այս գործընթացը, որը սկիզբ էր առել ու փորձարկվել էր դեռևս 44-օրյա պատերազմից առաջ Թուրքիայի Աղթամար վանքում, այսօր դարձել է Ադրբեջանում հայկական հուշարձանների ապահայկականացման գլխավոր գործիքներից մեկը։
Այսպիսով, համաձայն հետազոտության` Դեր Զորից մինչև Շուշի և Դադիվանք ձգվող մշակութային ավերածությունները փաստում են, որ հայկական ժառանգության թիրախավորումը ոչ թե պատահականություն է, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պետական մակարդակով իրականացվող ապահայկականացման, հայաթափման և մշակութային ցեղասպանության ռազմավարություն։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ մշակութային կոթողների պահպանությունը լոկ ճարտարապետական խնդիր չէ, այլ բնիկ ժողովրդի հավաքական հիշողության մաս, և դրանց թիրախավորումը կամ ոչնչացումը ոչ այլ ինչ է, քան հարձակում տվյալ ժողովրդի՝ սեփական հողում ապրելու իրավունքի վրա:
Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի
Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Հեղուկ բյուրեղային վիճակի առավելությունները խոնավության սենսորներում | Հանրագիտ»
«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։