Թրամփը սպառնացել է դադարեցնել առևտուրն Իսպանիայի հետ՝ Իրանի դեմ գործողություններում իր ռազմաբազաների օգտագործումն արգելելու համար | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրն այն բանից հետո, երբ Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաբազաներն Իրանի դեմ գործողություններում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Իսպանիան «սարսափելի» է եղել, և որ ինքը «պատրաստվում է դադարեցնել ողջ առևտուրը»։

«Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ, – ասել է նա։ – Ես կարող եմ վաղը կամ նույնիսկ այսօր դադարեցնել Իսպանիայի հետ կապված ամեն ինչ, Իսպանիայի հետ կապված բոլոր գործերը», – նշել է Թրամփը։

Թրամփը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդել են, որ ԱՄՆ-ն կարող է օրինականորեն արգելք դնել Իսպանիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Իսպանիայի կառավարությունից այն բանի համար, որ նրանք հրաժարվել են ենթարկվել ՆԱՏՕ-ի պահանջին և երկրի պաշտպանական ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի 5%-ին՝ ի տարբերություն շատ այլ եվրոպական երկրների։

Թրամփն ավելի վաղ առաջարկել էր Իսպանիային տնտեսական պատժամիջոցների ենթարկել։

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է վերանայել Իսպանիայի հետ իր առևտրային հարաբերությունները, ապա պետք է հարգի մասնավոր ընկերությունների ինքնավարությունը, միջազգային իրավունքը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ համաձայնագրերը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանի վրա անվանել էր «անհիմն, վտանգավոր ռազմական միջամտություն», որը խախտում է միջազգային իրավունքը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն