Շնորհակալ ենք Հայաստանին Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար. Կոբախիձե | armenpress.am

armenpress.am Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն իր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար։

Վրաստանի վարչապետն իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվող համատեղ հայտարարության ժամանակ։

Վրաստանի վարչապետը կարևորեց Հարավային Կովկասի շուրջ ծավալվող իրադարձությունների (խմբ․ նկատի ունի Իրանում ստեղծված իրադրությունը) ֆոնին երկկողմ հարաբերությունների առավել խորացումը։

Կոբախիձեի բնորոշմամբ՝ Հայաստանի ու Վրաստանի միջև պատմական լավ հարաբերությունները հիմք են ծառայում երկկողմ ռազմավարական գործընկերության համար։

«Մենք ուրախ ու ոգևորված ենք, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք և մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընեկության խորացմամբ։ Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը։ Ես, կրկին առիթն օգտագործելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն  ու ինքնիշխանությանն աջակցելու համար՝ մասնավորապես, ՄԱԿ Գլխավոր ասամբլիայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար»,-շեշտեց Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են երկկողմ օրակարգը, տարբեր ոլորտներում համագործակցությունը, որը, Կոբախիձեի խոսքով, բարձր մակարդակի վրա է։

Այս առումով Իրակլի Կոբախիձեն հատկապես մատնանշեց Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ձեռքբերումները։

«Առևտրի առումով Հայաստանն առաջին տասնյակում է Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում»,– նշեց նա։

Կոբախիձեն նաև արձանագրեց, որ երկկողմ զբոսաշրջությունը ևս զարգանում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն