Իրաքի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները | armenpress.am

armenpress.am Իրաքի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆուադ Հուսեյնը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները՝ Իրանին հարվածների և էներգաշուկայի համար հետևանքների ֆոնին:

Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Իրաքի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի օրը՝ 2026 թվականի մարտի 4-ին, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանում ռազմական իրադրությունը, որը սրընթաց վատթարանում է, դրա քաղաքական և տնտեսական հետևանքները, այդ թվում՝ դրա ազդեցությունը էներգետիկ շուկայի վրա», – նշել են նախարարությունում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն