civilnet.am Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի։
Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Միացյալ Արաբական Էմիրությունները ցամաքային սահման ունեն Օմանի հետ։ Օգտվելով այդ հնարավորությունից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը Էմիրություններից դեպի Օման, որտեղից արդեն Մասկատ-Երևան թռիչքներով նրանք հասնում են Հայաստան»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ շուրջ 400 կմ ճանապարհի տրանսպորտային ծախսերը, անվտանգ անցումը և թույլտվությունների ձևակերպումը հոգում է ՀՀ կառավարությունը։
Նրա խոսքով՝ Հնդկաստաում կա Հայաստանի 117 քաղաքացի, որոնք այնտեղ են զբոսաշրջային և այլ նպատակով։ ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում նրանց Հայաստան վերադարձնելու համար։ Առաջիկա օրերին ևս նախատեսված են թռիչքներ, իսկ իրավիճակի կայունացման դեպքում հնարավոր է վերագործարկվեն չվերթները նաև Դուբայից և Աբու Դաբիից։
Անդրադառնալով Մասկատ-Երևան տոմսերի գներին՝ նա ասաց, որ դա ԱԳՆ-ի տիրույթում չէ։
«Ինձ տեղեկացրել էին, որ մեկ թռիչքի արժեքը 170,000 դոլար է. եթե այն պայմանական բաժանեք 200 քաղաքացու վրա, կհասկանաք, որ ինքնարժեքը բարձր է։ Ես՝ որպես կառավարության անդամ, հոգ եմ տարել այն մասին, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան, և մի մասն արդեն տեղափոխվել են։ Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք, զբոսաշրջային նպատակներով։ Մի մարդ, որը համարյա մի ամիս է՝ Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, տոմս կարող է առնել։ Ինչի՞ մասին է խոսքը. մի քիչ արդար չի կառավարության նկատմամբ նաև այդ տոմսն առնելու պահանջը։ Կլինեն այլ խմբեր, այլ խավեր՝ կմտածենք և հաշվի կառնենք»,- ասաց նախարարը։