Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թեւեր» շարժման վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ստում է, երբ հայտարարում է, որ «Հայաստանի սահմանից ընդամենը մետրեր այն կողմ Ադրբեջանը կառուցել է հատուկ թաքստոցներ»։
Ավելի վաղ Արման Թաթոյանը հրավիրել էր մամուլի ասուլիս որի ժամանակ հայտարարել էր, որ «ադրբեջանական իշխանությունը շարունակում է, սալյամիի պես ուղղակի, Հայաստանից, մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել ու նորից էլի ներխուժել ու կտրատել մասեր»։
Կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, իր պատասխան Թաթոյանի հայտարարությունների վերաբերյալ պատգամավորի հարցին, ասել է.
«Այդ հրատապ ասուլիսները, հարայ-հրոցը զուտ նրա համար է, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ։ Ես շատ կարճ կպատասխանեմ՝ ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա»: