factor.am Ուկրաինան պատրաստվում է իր զինծառայողներին և ռազմական փորձագետներին ուղարկել Մերձավոր Արևելքի երկրներ՝ աջակցելու նրանց իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին դիմակայելու գործում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունից հետո Զելենսկին նշել է, որ քննարկումներ է ունեցել եվրոպացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել ԱՄԷ-ի, Կատարի, Հորդանանի և Բահրեյնի ղեկավարների հետ։
Նրա խոսքով՝ նշված երկրները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ․ իրանական հարվածային անօդաչուները՝ նույն «Շահեդ» տիպի սարքերը, որոնք արդեն չորս տարի օգտագործվում են Ուկրաինայի քաղաքների և ենթակառուցվածքների դեմ, այժմ կիրառվում են նաև տարածաշրջանում։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կարող է աջակցել իրավիճակի կայունացմանը, և գործընկեր երկրները դիմել են համապատասխան խնդրանքով։
Ուկրաինայի նախագահը հանձնարարել է կառավարությանը, ռազմական հրամանատարությանը և հետախուզական կառույցներին ներկայացնել աջակցման տարբերակներ՝ այն հաշվարկով, որ այդ օգնությունը չթուլացնի Ուկրաինայի սեփական պաշտպանունակությունը։ Նրա խոսքով՝ ուկրաինացի մասնագետները կաշխատեն տեղում, և համապատասխան թիմերի ձևավորման շուրջ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։