armenpress.am Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը մարտի 5-ին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների թիրախում է հայտնվել երկրի 174 քաղաք։ Այս մասին հայտնում է Associates Press-ը։
Կարմիր մահիկի տեղեկացմամբ՝ մինչ օրս գրանցվել է առնվազն 1332 հարձակում 636 տեղանքում։ Ընկերությունից հայտնել են, որ մի շարք քաղաքներում հարվածներ են հասցվել բնակելի թաղամասերին։
Վնասվել են նաև Կարմիր մահիկի յոթ բազաներ և մասնաճյուղեր, ինչպես նաև ընկերության երեք փրկարարական մեքենա և 14 բժշկական ու դեղագործական կենտրոն։
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 1045-ի:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։