Իրանական հրթիռի հետ կապված միջադեպից հետո Թուրքիան հայտնել է թշնամական գործողություններին պատասխանելու իրավունքի մասին | news.am

news.am Թուրքիան հերթական անգամ ընդգծում է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ցանկացած թշնամական գործողության՝ անկախ դրանց ծագման աղբյուրից, ինչպես նաև ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը՝ մեկնաբանելով նախօրեին Իրանի կողմից արձակված բալիստիկ հրթիռի միջադեպը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

Աքթյուրքը տեղեկացրել է, որ բալիստիկ հրթիռ է վնասազերծվել Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից։

Նրա խոսքով՝ վտանգի չեզոքացումից հետո պարզվել է, որ Հաթայ նահանգի Դյորթյոլի շրջանում ընկած բեկորը պատկանել է հենց հակաօդային պաշտպանության համակարգին, որն օգտագործվել է որսման գործողության ժամանակ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Թուրքիան ամենաբարձր մակարդակով պահպանում է իր վճռականությունն ու կարողությունները՝ երկրի քաղաքացիների և օդային տարածքի անվտանգությունն ապահովելու հարցում, և շարունակում է հավատարիմ մնալ պատասխանատու մոտեցմանը՝ առաջնահերթություն տալով տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը։ Այնուամենայնիվ, մենք հերթական անգամ ընդգծում ենք, որ մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել թշնամական գործողություններին, անկախ նրանից, թե ում կողմից են դրանք իրականացվում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ՝ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը», – ասել է նա։

Գերատեսչությունում նաև նշել են, որ սոցիալական ցանցերում ամերիկա-իսրայելական հարձակումների պատճառով դեպի թուրքական սահմաններ միգրանտների ենթադրյալ հոսքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։

Իրանական հրթիռի խոցումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դատապարտում է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն