armenpress.am Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից անօդաչու թռչող սարքերի հաջող որսալուց հետո երկու վայրում բեկորներ են ընկնել, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։
«Միջադեպի հետևանքով Պակիստանի և Նեպալի վեց քաղաքացի ստացել է թեթև և միջին ծանրության վնասվածքներ», – նշված է հաղորդագրության մեջ։
Գրասենյակը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի ICAD II արդյունաբերական գոտում։ Այն գտնվում է ալ-Դաֆրա ավիաբազայի մոտ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։