armenpress.am Հայաստանը երբեք իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու կամ Ռուսաստանի շահերին վնասելու խնդիր չի դրել ու չի դնելու, Հայաստանի մոտեցումը միշտ հետևյալն է՝ առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՀ-ն միանալու ԵՄ-ին, եթե օրակարգում չկա ռուսական ռազմաբազան հանելու հարցը։ Լրագրողն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք։
«Ես չեմ հիշում, որ երբևէ հայտարարած լինեմ, որ մենք գնում ենք արևմուտք։ Սովորաբար, ես ասում եմ, որ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում․․․
Այո, Հայաստանն ընդունել է Հայաստանի՝ Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, և ես այդ հարցին նաև ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել․ մենք, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս ճանապարհի այն կետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք»,– ընդգծեց վարչապետը։