azatutyun.am «Մեր զինված ուժերը՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները մոբիլիզացիոն թիվ մեկ վիճակի են բերվել», – այսօր Բաքվում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ ուժերը «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։
Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի Հանրապետության հանդեպ։
«Դա արվում էր այն պատճառով, որ նրանք շատ լավ գիտեն՝ անկախ ադրբեջանական պետությունն այսօր հույսի աղբյուր է Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար», – հայտարարել է Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք ընկել է Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր՝ ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։