armenpress.am Իրանի կողմից Թուրքիայի վրա հրթիռային հարվածը լուրջ միջադեպ էր, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը հիմք չի ստեղծում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի փոխադարձ պաշտպանության կետը գործարկելու համար։ Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Կարծում եմ՝ 5-րդ հոդվածն այստեղ պարտադիր չէ, և ոչ ոք չի խոսում 5-րդ հոդվածի մասին։ Եվ ամենակարևորն այն է, որ մեր հակառակորդները երեկ տեսան, որ ՆԱՏՕ-ն այնքան ուժեղ է և այնքան զգոն, նույնիսկ ավելի զգոն շաբաթ օրվանից (փետրվարի 28-ից) ի վեր՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով» -, նշել է նա։
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում մյուս բոլորի վրա։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերից հայտնել են, որ հարգում են հարևան Թուրքիայի ինքնիշխանությունը, և հերքել են երկրի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակումը։
Ռյուտեն նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն մասնակցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայել-ի պատերազմին, բայց ապահովում են դրան նպաստող կարևոր աջակցություն։ Նրա խոսքով՝ հարկավոր է վստահ լինել, որ ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր հատված պաշտպանված է, ինչը և արվում է։
Նա ընդգծել է, որ Իրանը պետք է զերծ մնա Մերձավոր Արևելքի, հարևան երկրների, Իսրայելի և Եվրոպայի դեմ սպառնալից հռետորաբանությունից և խուսափի այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։
Իրանական հրթիռի խոցումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։