«Սրբազան պայքար»-ի գործով պաշտպանը միջնորդում է հետազոտել ՔԿ յութուբյան ալիքում հրապարակված ձայնագրությունները | hetq.am

hetq.am  Մարտի 5-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը։

Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցները։

Հովհաննես Խուդոյանը նշեց՝ դատարանին հետագայում միջնորդելու է հետազոտել նաև Քննչական կոմիտեի յութուբյան ալիքում հրապարակված ձայնագրությունները՝ հիմնավորելու, որ ՔԿ-ն փորձել է կեղծ տեղեկություններ տարածել, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս՝ մեղադրյալներին վարկաբեկելու նպատակով։

Պաշտպանը որպես ապացույց նաև նշեց տարբեր օրերի խոսակցություններ, որտեղ մեղադրյալները խոսում են խաղաղ ակցիաների կազմակերպման մասին։ Խուդոյանը շեշտեց՝ այդ խոսակցություններում նշվում է, որ հարցը պետք է խորհրդարանում քաղաքական լուծում ստանա, մինչդեռ հանրային մեղադրողները պնդում են՝ մեղադրյալները Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով են ցանկացել իշխանափոխություն անել։

Բագրատ Սրբազանը հույս հայտնեց, որ դատարանը կանդրադառնա այն հանգամանքին, որ ներկայացված տեքստերում հսկայական ծավալով կա «չի լսվում» արձանագրումը։ «Ողջամիտ կասկած ունեմ, որ ինչպես նենգափոխել են ամեն ինչ, միջամտել ու ջնջել են հենց այն հատվածները, որոնք ուղղակիորեն վկայում են այն մասին, որ իշխանափոխություն անհրաժեշտ է եղել և մնում է առաջնային։

Խոսում են խաղաղ անհնազանդության ակցիաների մասին, տարբեր բաների մասին, որոնք բացարձակ կապ չունեն ներկայացված մեղադրանքների հետ, դա քննիչների, ԱԱԾ-ի, մեղադրողների, նաև Ձեր՝ պատվարժան դատարան, խղճին է։

Ի՞նչը չի լսվում, ինչո՞ւ չի լսվում, սրա հարցը որևէ մեկը տվե՞լ է, չլսված տեղեկության վրա ինչպե՞ս են մարդկանց կաշկանդում։ Ով չալարեց, խոսեց «գյուլլել» կոչվածի մասին, ներողություն, որ էդ բառն օգտագործել եմ, մեղք եմ գործել, բայց դա կապ ունի՞ էս գործի հետ, չունի, պատվարժան դատարան»,- հայտարարեց Սրբազանը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց՝ ցավում է, որ Սրբազանը թերահավատ է դատարանի նկատմամբ։

Նիստը հետաձգվեց, և հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին՝ ժամը 15։30-ին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն