Ո՞ւմ կքվեարկեին հայաստանցիները, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի. IRI-ի հարցումը  | civilnet.am

civilnet.am  Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, հարցվածների ամենամեծ խումբը՝ 24 տոկոսը, կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին, մինչդեռ 30 տոկոսը դեռ չի որոշել իր ընտրությունը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հանրային կարծիքի նոր հետազոտությունը հրապարակվել է մարտի 6-ին։ Հարցումն անցկացվել է փետրվարի 3-13-ը հեռախոսային եղանակով (CATI)՝ Հայաստանի ողջ տարածքում։ Ընտրանքում ընդգրկվել է 1,506 մարդ՝ 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախկին բնակիչներ, որոնք այժմ բնակվում են Հայաստանում։ Հարցման սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետը

Երկրորդ տեղում 9 տոկոսով նշվում է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» / «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։ «Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանը ստացել են 3%, նույնքան՝ նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։

Մնացած քաղաքական ուժերից Վարդան Ղուկասյանը (ԴՈԿ), Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, Արման Թաթոյանի «Միասնության թևերը» և Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ստացել են մեկական տոկոս։

Հարցվածների 5%-ը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, 8%-ը՝ չի մասնակցի ընտրությանը, 9%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 30%-ը հայտնել է, որ դեռ չի որոշել կամ դժվարանում է պատասխանել։

Ուշագրավ է, որ IRI-ի 2025-ի հունիսյան հարցման ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 17%-ը։ Այդ նույն հարցման մեջ երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն էր՝ 4 տոկոսով, իսկ Ռոբերտ Քոչարյանը որպես անհատ քաղաքական ընտրություն ստացել էր 2 տոկոս։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն՝ գրեթե նույն մակարդակում

«Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկեր» հարցում Ռուսաստանը ստացել է 43%, ԱՄՆ-ն՝ 42%, Իրանը՝ 34%։

Եվրամիությունը կարևոր գործընկեր է համարել հարցվածների 29%-ը, Ֆրանսիան՝ 27%-ը, Չինաստանը՝ 21%-ը, Վրաստանը՝ 18%-ը, Հնդկաստանը՝ 6%-ը։

Ուշագրավ է, որ 3%-ը որպես կարևոր գործընկեր նշել է Թուրքիան, 2%-ը՝ Ադրբեջանը։

Սպառնալիքների ընկալումը՝ Ադրբեջան և Թուրքիա

Հարցվածների 80%-ը Ադրբեջանը համարել է Հայաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը, 69%-ը՝ Թուրքիան։

Ռուսաստանը սպառնալիք է համարել 29%-ը, ԱՄՆ-ն՝ 10%-ը, Վրաստանը՝ 6%-ը, Իսրայելը՝ 4%-ը։

Համեմատության համար՝ 2025-ի հունիսին Ադրբեջանին սպառնալիք էր համարել 87%-ը, Թուրքիային՝ 79%-ը, Ռուսաստանին՝ 27%-ը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն