armenpress.am ԱՄՆ-ն և Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Այս քայլը կխթանի մեր համատեղ ջանքերը, որոնք ուղղված են կայունության ամրապնդմանը, տնտեսական վերականգնման աջակցմանը և Վենեսուելայում քաղաքական կարգավորման առաջմղմանը», – ասվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է «Վենեսուելայի ժողովրդին օգնելու վրա, որպեսզի նա առաջ շարժվի փուլային գործընթացով, որը պայմաններ է ստեղծում դեպի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն խաղաղ անցման համար»։
Վենեսուելան ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երկրի նախագահ ճանաչեց ընդդիմության ղեկավարներից մեկին՝ Խուան Գուաիդոյին։ Ամերիկացի դիվանագետները վտարվել են Վենեսուելայից։