Իրանին կարող է օգնություն տրամադրվել, եթե այն կատարի անհրաժեշտ պայմանները․ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել պահպանել Իրանի տարածքային ամբողջականությունը, քանի որ անցյալ շաբաթ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ սկսված պատերազմը սպառնում է ընդլայնվել ամբողջ Մերձավոր Արևելքում։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մերցը հայտարարել է, որ Իրանական պետականության փլուզումը կամ Իրանի տարածքում միջնորդավորված պատերազմների վարումը որևէ մեկի շահերից չի բխում։

«Նման սցենարները կարող են հետևանքներ ունենալ նաև Եվրոպայի համար»,- ասել է Մերցը Մյունխենում՝ հավելելով, որ Գերմանիան գործընկերների հետ աշխատում է՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար ընդհանուր դիրքորոշում ձևավորելու ուղղությամբ։

«Իրանական պետությունը պետք է շարունակի գործել, պետք է պահպանվեն հասարակական կարգը և հիմնական ծառայությունները։ Իրանի տնտեսությունը չպետք է փլուզվի։ Պետք է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիան»,-  ասել է Մերցը։

Նա նաև հավելել է, որ պատժամիջոցները կարող են վերացվել, և Իրանին կարող է օգնություն տրամադրվել, եթե այն կատարի անհրաժեշտ պայմանները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն