Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանին վերականգնել տնտեսությունը | shantnews.am

shantnews.am  ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստ են օգնել Իրանին վերականգնել տնտեսությունը ռազմական հակամարտության ավարտից հետո, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք և մեր հրաշալի, քաջարի դաշնակիցներից ու գործընկերներից շատերը անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից ետ բերելու, նրա տնտեսությունը դարձնելու ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նաև պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները կսկսի Իրանին օգնություն ցուցաբերել տնտեսությունը վերականգնելու հարցում միայն իրենց համար ընդունելի նոր ղեկավարության ընտրությունից հետո։

«Մեծ և ընդունելի առաջնորդի կամ առաջնորդների ընտրությունից հետո», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն