Իրանի հետ որևէ համաձայնություն չի լինի, բացառությամբ անվերապահ կապիտուլյացիայի։
Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է The Truth Social-ի իր էջում։
«Կապիտուլյացիայից հետո, երբ ընտրվեն մեծ ու ընդունելի առաջնորդներ, մենք՝ մեր բազմաթիվ հիանալի դաշնակիցների ու գործընկերների հետ միասին, անխոնջ կաշխատենք՝ Իրանը վերադարձնելու կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ։
Իրանը կունենա հրաշալի ապագա»,- ասված է գրառման մեջ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։