armenpress.am Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և ներկայացրել Պեկինի դիրքորոշումը՝ նշելով հակամարտության կարգավորման հինգ հիմնական սկզբունքները։ Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողություններին և դրա հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությանը։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Նա նշեց, որ Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները միայն խորացնում են հակասությունները։ Չինաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Պեկինը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և թույլ չտալ հակամարտության հետագա ընդլայնում։
Նախարարը ներկայացրեց նաև այն հինգ հիմնական սկզբունքները, որոնք, ըստ Չինաստանի, պետք է հիմք հանդիսանան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։
Առաջին սկզբունքը, նրա խոսքով, պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքն է։
«Առաջինն ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքն է։ Ինքնիշխանությունը ներկայիս միջազգային կարգի անկյունաքարն է։ Մենք կողմ ենք, որպեսզի Իրանի և Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը հարգվեն և լինեն անխախտ»,-նշեց նա։
Երկրորդ սկզբունքը վերաբերում է ուժի կիրառման մերժմանը։
«Չի կարելի չարաշահել ուժը։ Կոշտ բռունցքը չի նշանակում կոշտ ճշմարտություն, և աշխարհը չի կարող վերադառնալ ջունգլիների օրենքներին։ Ամեն քայլափոխի ուժի կիրառումը չի ապացուցում սեփական ուժը, և մարդիկ չեն կարող դառնալ պատերազմի անմեղ զոհ»,-ասաց Չինաստանի ԱԳ նախարարը։
Երրորդ սկզբունքը ներքին գործերին չմիջամտելու սկզբունքն է։
«Մերձավոր Արևելքի ժողովուրդներն այս տարածաշրջանի իրական տերն են, և Մերձավոր Արևելքի գործերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։ Գունավոր հեղափոխություն պլանավորելն ու ռեժիմի փոփոխությանը մասնակցելը պոպուլյար չէ»,- նշեց նա։
Չորրորդ սկզբունքը քաղաքական կարգավորման անհրաժեշտությունն է։
«Բոլոր կողմերը պետք է հնարավորինս շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, հավասար երկխոսության միջոցով կարգավորեն իրենց տարաձայնությունները և ջանքեր գործադրեն ընդհանուր անվտանգության հասնելու համար»,-ընդգծեց նախարարը։
Հինգերորդ սկզբունքը, նրա խոսքով, գերտերությունների կառուցողական դերն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում