news.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած զրույցի մասին։
«Զրուցել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նրան տեղեկացրել եմ, որ ներկայումս Ֆրանսիայի դեսպանատան տարածքում գտնվող Սեսիլ Քոլերի և Ժակ Փարիսի անվտանգությունն ու վերադարձը Ֆրանսիա մեզ համար բացարձակ առաջնահերթություն են», – նշել է Մակրոնը։
Ըստ Ֆրանսիայի նախագահի, ինքն ընդգծել է նաև տարածաշրջանի երկրներին հասցվող հարվածներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
«Իրանը նաև պետք է երաշխավորի նավագնացության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը։ Ի վերջո, ես վերահաստատել եմ մեր լուրջ մտահոգությունն Իրանի միջուկային ու բալիստիկ ծրագրերի զարգացման և տարածաշրջանում նրա ողջ ապակայունացնող գործունեության կապակցությամբ, որն ընկած է ներկայիս ճգնաժամի հիմքում։ Այս կարևորագույն խնդիրների լուծման, էսկալացիայի դադարեցման և խաղաղության պահպանման համար դիվանագիտական լուծումն առավել քան երբևէ անհրաժեշտ է։ Պայմանավորվել ենք պահպանել կապը», – եզրափակել է Մակրոնը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։