1lurer.am Թեհրանի շրջանի նավթապահեստներին Իսրայելի հարվածներն իրենց մասշտաբներով տհաճ անակնկալ են եղել ԱՄՆ-ի համար և տարաձայնություններ առաջացրել դաշնակիցների միջև` հայտնել է New York Times-ը:
Լրատվականի աղբյուրների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներից առաջ այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ զինվորականներին, սակայն ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները զարմացած է հարձակումների մասշտաբով։
«Մենք չենք կարծում, որ դա լավ գաղափար էր»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Նշվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ Իսրայելի հարվածները հասարակ իրանցիներին սպասարկող ենթակառուցվածքներին կարող են ռազմավարական հետևանքներ ունենալ՝ համախմբել իրանական հասարակությունը և բարձրացնել նավթի գները։
Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կիրակի գիշերը հարվածել են Թեհրանում և նրա շրջակայքում գտնվող չորս նավթային պահեստի և էներգետիկ ենթակառուցվածքների ևս մեկ օբյեկտի:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հերքել է ամերիկացի զինվորականների մասնակցությունն այդ հարձակումներին:
«Դրանք Իսրայելի հարվածներ էին»,- ասել է նա CNN-ին։ Ռայթի խոսքով՝ ԱՄՆ-ն ներկայումս չի պլանավորում հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։