1lurer.am «Մերձավոր Արևելքում պատերազմի սրման և Հորմուզի նեղուցի փակման պայմաններում էներգակիրների համաշխարհային մատակարարումների զգալի մասը վտանգված է։ Հատկապես խոցելի է Եվրոպան, քանի որ ԵՄ-ն արդեն արգելել է ռուսական էներգակիրների ներմուծումը: Այժմ էլ Մերձավոր Արևելքում հակամարտությունն է կրճատում համաշխարհային մատակարարումները: Երբ առաջարկը նվազում է, գները բարձրանում են: Այսպիսով, Եվրոպան կանգնած է գների կտրուկ բարձրացման վտանգի առաջ»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Նա զգուշացրել է, որ եթե Բրյուսելը պահպանի պատժամիջոցները, դա լուրջ վնաս կհասցնի Եվրոպայի ժողովրդին ու եվրոպական տնտեսությանը։ Սիյարտոյի համոզմամբ՝ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել եվրոպացիների շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե գաղափարախոսությանը:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։