1lurer.am Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Թուրքիայի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակմանը:
«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը։ Նման գործողություններն անընդունելի են, քանի որ լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։ Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիային, աջակցում ենք Թուրքիայի կառավարության ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը։ Ադրբեջանը կանգնած է Թուրքիայի կողքին»,- ընդգծվում է պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է արձակվել, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։