azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցյալ ամիս Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի և խոստացել է «շատ-շատ ավելի ուժեղ» հարված հասցնել երկրին, եթե Թեհրանը խոչընդոտի Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումները։
«Մենք շատ վճռական հաղթում ենք։ Մենք շատ ավելի առաջ ենք ժամանակացույցից», – նշել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։
«Դա շուտով կավարտվի»։ Հարցին, թե արդյոք այն կավարտվի՞ այս շաբաթ, ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ՝ ոչ, բայց ասել է. «Շուտով, շատ շուտով»։
«Ես թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը և փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը։ Եվ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, հարվածները կլինեն շատ-շատ ավելի ուժեղ մակարդակով», – ասել է Թրամփը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։