Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան | civilnet.am

civilnet.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշեքիանի միջև մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ է օգնությունն ուղարկվել՝ Իրանի ժողովրդի ներկայիս կարիքները բավարարելու համար։

Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներով Իրան ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կգ թեյ և մոտ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։

Վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները սրվել են։ Ադրբեջանը հայտնել է, որ Իրանը՝ Մերձավոր Արևելքում ընթացքող ռազմական գործողությունների ֆոնին, թիրախավորել է Նախիջևանը։ Այդ գործողությունն Ադրբեջանի նախագահն «ահաբեկչություն» է որակել և հայտարարել, որ երկրի զինված ուժերին հրահանգել է պատրաստվել ռազմական գործողությունների Իրանի դեմ։ Պաշտոնական Թեհրանը հերքել է Նախիջևանին հարվածելու հայտարարությունները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն