Գերմանիան իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես դուրս է բերել Իրաքից | armenpress.am

armenpress.am Գերմանիան Բաղդադում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես դուրս է բերել Իրաքից՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունից առաջացած անվտանգության մեծ ռիսկերի պատճառով։ Ինչպես  տեղեկանում ենք France 24-ից, այս մասին մարտի 9-ի ուշ երեկոյան հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Բաղդադում Գերմանիայի դեսպանատան անձնակազմը ժամանակավորապես տեղափոխվել է Իրաքից՝ վտանգավոր իրավիճակի պատճառով»,- հայտնել է խոսնակը՝ հավելելով, որ աշխատակազմի անվտանգությունն անընդհատ գնահատվում է։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն