ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է տարածաշրջանից նավթի արտահանման ամբողջական դադարեցման հնարավորության մասին | civilnet.am

civilnet.am  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեինին զգուշացրել է, որ Իրանը կարող է միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու տարածաշրջանից նավթի արտահանումը, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի ենթակառուցվածքների դեմ շարունակվեն։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Ըստ ԻՀՊԿ խոսնակի՝ ռազմական գործողությունների 10-րդ օրվա դրությամբ ամերիկյան ռազմածովային ուժերը և կործանիչները նահանջել են Իրանի սահմաններից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա՝ իրանական հրթիռներից և անօդաչու սարքերից պաշտպանվելու համար։

Նաեինին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները Իրանի զինված ուժերի թուլացման և Հորմուզի նեղուցով նավերի անխափան երթևեկության վերաբերյալ՝ նշելով, որ իրանական հրթիռների հզորությունն ու մարտագլխիկների քաշն ավելացել են՝ գերազանցելով մեկ տոննան։

Գեներալը հայտնել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ 10 առաջադեմ ռադարների և բազմաթիվ անօդաչու սարքերի ոչնչացման մասին։ Ըստ նրա՝ պատերազմի մեկնարկից ի վեր նավթի գներն արդեն կրկնապատկվել են, և Իրանը թույլ չի տա որևէ քանակությամբ նավթի արտահանում, քանի դեռ ագրեսիան շարունակվում է։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իսրայելի տարածքում բնակչությունը շարունակում է մնալ թաքստոցներում, իսկ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները պատսպարվում են քաղաքացիական հաստատություններում և հյուրանոցներում։ Նաեինին շեշտել է, որ պատերազմի ավարտի և տարածաշրջանային նոր հավասարումների տնօրինումը պատկանում է Իրանի զինված ուժերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն