Մարտի 10-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Այսօր ևս ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:
Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։ Այս ընթացքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աջակցությունն են հայցել նաև առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներ, որոնց հետ պահպանվել է մշտական կապ՝ հրատապ հարցերը հասցեագրելու նպատակով։
Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են ՀՀ։ Դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի, ներառյալ՝ 14 ուսանող»,- ասված է հաղորդագրությունում:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։