Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային հնավայր, որտեղ 2024 թվականից ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։
Նախարարությունից հայտնում են, որ աշխատանքները ներառում են Լոռի բերդի պարիսպների ամրակայումն ու վերականգնումը, միջնաբերդի եկեղեցու/ հասարակական կառույցի ամրակայումը, նորոգումն ու վերականգնումը, միջնաբերդի բաղնիքների ամրակայումն ու մասնակի վերականգնումը, ինչպես նաև Ամրակից գյուղում գտնվող Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնումը։
Լոռի բերդի միջնաբերդի եկեղեցու/ հասարակական կառույցի և բաղնիքների, ինչպես նաև Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել են 2025 թվականին։ Ներկայացվել են ավարտական կատարողական ակտերը, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրման և ստուգման փուլում։
Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցին, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, գտնվում է պետության հոգածության ներքո և ծառայելու է որպես մշակութային հուշարձան: Վերականգնման բոլոր աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծերի հիման վրա. դրանք մշակվել են արխիվային նյութերի, չափագրությունների, ուսումնասիրությունների և մասնագիտական այլ հետազոտությունների հիման վրա։
Թե՛ «Լոռի բերդ քաղաքատեղիի», թե՛ Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով հուշարձանների պատմական և ճարտարապետական առանձնահատկությունները։ Մասնավորապես, Ամրակիցի եկեղեցու տանիքի և պատերի գունային լուծումները վերականգնվել են իրենց նախաստեղծ՝ պատմական գույներով։ Դրանք վերականգնվել են մանրամասն ուսումնասիրությունների, նյութաբանական վերլուծությունների հիման վրա:
2025 թվականին «Լոռի բերդ քաղաքատեղիի» տարածքում տեղադրվել է նաև տեղեկատվական մոդուլային կենտրոն, որը ծառայելու է որպես այցելուների զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետ։ Նշվել է, որ տարածքն անհրաժեշտ է բարեկարգել և ձևավորել որպես հարմարավետ քայլուղի՝ ապահովելով այցելուների համար առավել մատչելի և բարեկարգ միջավայր: Միայն 2020 թվականին քաղաքատեղին ավելի քան 27 հազար այցելու է ունեցել: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև զարգացնել սրճարանային հատվածը՝ այն դիտարկելով որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, որը կարող է նպաստել տարածքի ակտիվացմանն ու այցելուների սպասարկման որակի բարձրացմանը։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 833,478.0 հազար դրամ: