Մենք կենտրոնացած ենք գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության խթանման վրա. Թորոսյանը՝ ՄԱԿ-ի նստաշրջանում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանում։ Այս մասին հայտնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից։

Նախարարը ներկայացրել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը՝ անդրադառնալով որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցայնության խթանմանը, գենդերազգայուն քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Այս համատեքստում Արսեն Թորոսյանն ընդգծել է նաև Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրով և Ժողովրդագրության 2024-2040 թթ. ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ընտանիքներին աջակցող միջավայրի ձևավորմանը, կանանց իրավունքների լիարժեք իրացմանը և այլն։

«Այս բոլոր նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հասանելիություն ունենա։ Մասնավորապես, մենք կենտրոնացած ենք գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության խթանման վրա, որտեղ տնտեսական հնարավորությունները մնում են սահմանափակ։ Այս նպատակով իրականացվում են ծրագրեր՝ աշխատաշուկայում մասնակցությունը խթանելու, մրցունակությունը բարձրացնելու, ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է նախարարը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP17) համաժողովին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է ապահովել, որպեսզի կանանց, երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի ձայները լսելի լինեն։

Ելույթի ավարտին նախարար Թորոսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը գենդերային հավասարության, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բռնությունից ու խտրականությունից զերծ հասարակության ձևավորման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն