ԿԸՀ նախագահն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը չգրանցելու մասին խոսակցություններին | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների կողմից օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի պատշաճ և ժամանակին ներկայացման պարագայում չի կարող չգրանցել նրանց։

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե, իբր, ԿԸՀ-ն կարող է չգրանցել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Հովակիմյանի մատնանշեց՝ որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, հենց քաղաքական ուժը պետք է չցանկանա գրանցվել։

«Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որոնք քաղաքական ուժը պետք է ներկայացնի։ Այսինքն՝ չգրանցվելու հնարավորությունն ունեն հենց քաղաքական ուժերը, իսկ երբ այդ փաստաթղթերը ներկայացված են, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցման հարց, որպես այդպիսին, չի քննարկում։ ԿԸՀ-ն կարող է քննարկել և քվեարկել բացառապես այն դեպքերում, երբ փաստաթղթերը թերի են ներկայացված կամ ներկայացված չեն։ Այդ ժամանակ առարկությունը կարող է դրվել քվեարկության և 2/3-րդ ձայներով մերժել կուսակցության գրանցումը։ Սակայն եթե կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրել է, ապա ԿԸՀ-ի անդամների կողմից որևէ առարկության բացակայության դեպքում կուսակցությունը մեխանիկորեն համարվում է գրանցված»,-մանրամասնեց Հովակիմյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս գործընթացում արհեստական խոչընդոտներ չեն կարող լինել, քանի որ օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկ կա սահմանված, և դրանց պատշաճ տրամադրման դեպքում կուսակցությունը կգրանցվի։

Հայաստանում ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն