armenpress.am «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտնել է, որ ավարտվել է իրանական «Բուշեր» ատոմակայանից ռուս աշխատակիցների և նրանց ընտանիքների տարհանման երկրորդ փուլը։ Հայաստանի տարածքով Ռուսաստան է տեղափոխվում 150 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երեկ երեկոյան մենք ավարտեցինք մեր աշխատակիցների տարհանման հերթական փուլը։ Մի քանի օր առաջ 150 մարդ լքել է «Բուշեր» ատոմակայանը և գիշերը հատել Հայաստանի սահմանը։ Նրանք արդեն ճանապարհին են դեպի մեր երկիր։ Սա տարհանման երկրորդ փուլն է», – լրագրողներին ասել է Լիխաչևը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։