Եվրոպան ի դեմս Հայաստանի տեսնում է ընկերոջ և բարեկամի. Եվրախորհրդարանի նախագահ | armenpress.am

armenpress.am Եվրոպական խորհրդարանն ու Հայաստանի ԱԺ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտ բերելու հարցում:

Նման վստահություն հայտնեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկերոջ: Հույս ունեմ, որ երբ Հայաստանն էլ նայում է Եվրոպային, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի»,-ասաց Մեցոլան:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում շատ մեծ ձեռքբերումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովից ի վեր: ԵՄ-ն և Հայաստանը համաձայնեցրել են ռազմավարական նոր օրակարգ: Ըստ Մեցոլայի՝ այդ քայլը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի երկրի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունն ու կխորացնի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը: ԵԽ-ն նաև ողջունում է այն հանգամանքը, որ Հայաստանին ներկայացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

«Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում»,-ասաց ԵԽ նախագահը:

Նա հավելեց՝ անհամբեր սպասում են քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում:

ԵԽ նախագահը նաև հավելեց՝ անհամբեր սպասում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կայանալու է մայիսի սկզբին Երևանում։ Մեցոլան նշեց, որ գագաթնաժողովին մասնակցելու համար ինքն այդ օրերին կլինի Երևանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն