Հայաստանի և ԵՄ-ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանն ու Եվրամիությունը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Այս մասին ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ:

Փաշինյանը ԵՄ-ն, ԵԽ-ն որակեց որպես ժողովրդավարության տուն:

«Մենք ժամանակ առ ժամանակ «ժողովրդավարության տուն» վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համադրելու մեր ժողովրդավարական բարեփոխումների ժամացույցը ժողովրդավարության տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքն ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ուղղությամբ: Մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և ԵԽ-ի աջակցությունը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ամենակարևորն այն է, որ 2025-ին ընդունվել և ուժի մեջ է մտել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում: Վարչապետի խոսքով՝ դա մի նոր խթան է Հայաստանի համար՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Հայաստանն ու ԵՄ-ն ընդունել են ռազմավարական նոր օրակարգը, որը ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի: Ներկայումս կողմերն ակտիվորեն բանակցում են վիզաների ազատականացման թեմայով:

Նա նաև նշեց, որ այս ընթացքում Հայաստանն աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջոցով: Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելությունը:

«Ընդհանուր առմամբ, բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է, այն տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում: Ուրախ եմ արձանագրել նաև, որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք»,-ասաց ՀՀ վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Մեցոլային հրավերի համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն