armenpress.am «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է։ Հունվարի 13–ին ԱՄՆ–ի եւ Հայաստանի կառավարություններն ընդունեցին TRIPP-ի իրականացման շրջանակը, իսկ առաջիկայում Հայաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ կստորագրվի համապատասխան համաձայնագիր եւ կտրվի նախագծի գործնական իրագործման մեկնարկը։ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման կարեւոր ու զգայուն հարցը լուծում է ստացել օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրում։
«Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին, Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացումները նոր հնարավորություններ են բացում Եվրոպական Միության եւ Հայաստանի համար, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ կոնկրետացնելու տեսակետից», – ասել է վարչապետը։