Շարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. ՀՀ վարչապետ | armenpress.am

armenpress.am Հայաստանի կառավարությունը շարունակում է դիվանագիտական լուռ աշխատանք տանել  Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։

Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս Ադրբեջանը մեր ևս չորս հայրենակիցների ազատ արձակեց։  Հայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով։ Բայց Կառավարությունը շատ արագ  վերադարձավ դիվանագիտական լուռ աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ դիվանագիտական լուռ աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին  Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր մյուսների գործից և քննվում էր առանձին վարույթով: Փետրվարի 17-ին շինծու քրեական գործով Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն