Ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Փաշինյան | civilnet.am

civilnet.am  «Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն՝ ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում», – Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները մթագնում են տարածաշրջանային դրական զարգացումները։

Անդրադառնալով տարածաշրջանային գործընկերներին և Մերձավոր Արևելքի իրավիճակին՝ վարչապետը նշել է.

«Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը, Միացյալ նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան, մեր լավ գործընկերներն են, Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն՝ ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել ևս, մենք փոքր համեստ պետություն ենք և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում իր գործընկերային հարաբերությունները ինչպես անմիջական հարևանների, այնպես էլ արաբական աշխարհի երկրների հետ՝ կարևորելով կայունությունը ողջ տարածաշրջանում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն