1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ պատրաստ է ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականապատ դաշտեր տեղադրելու փորձ անող ցանկացած նավ։
Թրամփը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգներն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ նավագնացության համար ցանկացած սպառնալիք լիովին վերացնելու համար։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերն արդեն ոչնչացրել են ականապատման համար նախատեսված մոտորանավակներ կամ նավեր։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը վճռական է ցանկացած գնով ապահովելու նավթի անխափան տարանցումը ռազմավարական այդ երթուղով։
Հայտարարությունը հնչել է հետախուզական հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն՝ Թեհրանը վերջին օրերին մի քանի տասնյակ ականներ է տեղադրել։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում