shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանին հասցրել է «այնպիսի վնաս, ինչպիսին աշխարհի ոչ մի այլ երկիր չի հասցրել», սակայն ընդգծել է, որ երկրի դեմ գործողությունը դեռ չի ավարտվել։
«Մենք հարվածել ենք ռազմածովային ուժերին, մենք հարվածել ենք ռազմաօդային ուժերին, մենք հարվածել ենք նրանց բոլոր հակաօդային պաշտպանության միջոցներին», – չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Թրամփը՝ Օհայո և Կենտուկի մեկնելուց առաջ։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները Իրանին մեծ վնասներ է պատճառել։
«Բայց մենք դեռ չենք ավարտել», – հավելել է ամերիկացի նախագահը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։