Հայաստանի հետ սերտորեն համագործակցում ենք «Միջին միջանցքի» նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ․ Ալիև | civilnet.am

civilnet.am Հայաստանի հետ խաղաղության հասնելուց հետո մենք սերտորեն համագործակցում ենք «Միջին միջանցքի» նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ։ Այս երթուղին կանցնի Հայաստանով։ Այս մասին Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է APA-ն։։

«Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր։ Այս նախագիծը թույլ կտա կայուն տրանսպորտային գծի, էներգետիկ գծի, մանրաթելային օպտիկական մալուխի, էլեկտրահաղորդման գծերի և, պոտենցիալ կերպով, խողովակաշարերի միջոցով միացնել Ադրբեջանի երկու մասերը՝ հիմնական տարածքը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Դա բոլորի համար փոխշահավետ իրավիճակ կստեղծի։ Քանի որ Ադրբեջանի երկու մասերը կմիավորվեն տրանսպորտային ենթակառուցվածքով, իսկ նոր տրանսպորտային միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կբացի բազմաթիվ երկրների համար»,- ասել է Ալիևը։

Խոսելով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին Ադրբեջանի նախագահը գրեթե միշտ կիրառում է «Զանգեզուրի միջանց» տերմինը, սակայն այսօրվա ֆորումի ընթացքում նախընտրել է կիրառել «Միջին միջանցքի» նոր ճյուղ ձևակերպումը։

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Ալիևը պնդել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն էր, այլ դրա սառեցումը և որպես երկու երկրների վրա ազդեցության լծակ օգտագործելը։ Նա նշել է, որ 7 ամիս առաջ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, և այժմ կողմերն ապրում են «իրական խաղաղության» պայմաններում՝ առանց սահմանային միջադեպերի։

«Ես բազմիցս նշել եմ, որ մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա։ Յոթ ամիս առաջ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց և ընդունվեց համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Սահմանին իրավիճակը հանգիստ է, փոխհրաձգություններ այլևս չկան, չկան զոհեր և կորուստներ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն