Կարծում եմ՝ նախ իրավական գնահատական պետք է տրվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Անկախ դիտորդ»-ի հայտարարության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ «քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար»:
«Քաղաքական առումով իմ համոզմունքն է, և ես դրանում չեմ կասկածում, եթե էդպիսի մի իրավիճակ լինի տեսականորեն, ռուսաստանաբնակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ այս տեղեկությունների արտահայտված են ՀՀ արտաքին հետախուզական ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։
Այս հայտարարության առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
Անդրադառնալով հարցին, թե ինչու ԱՀԾ հայտարարության մեջ հստակ չի նշվում, թե որ երկրի մասին է խոսքը, Փաշինյանն ասաց, որ դա ինֆորմացիայի ծավալի և նպատակահարմարության հարց է, և հետագայում ըստ անհրաժեշտության պարզաբանումներ կլինեն: