news.am Իրանը թույլատրել է հնդկական դրոշի ներքո նավարկող լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում։ Հանդիպումից հետո հնդկական երկու լցանավեր՝ «Պուշպակը» և «Պարիմալը», հաջողությամբ անցել են նեղուցով, այն դեպքում, երբ ամերիկյան, եվրոպական և իսրայելական նավերի մուտքն այնտեղ արգելված է։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող և Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող լցանավը, որի նավապետը Հնդկաստանի քաղաքացի է, նույնպես անցել է նեղուցով և հասել Մումբայ։ Սա դարձել է Հնդկաստան ուղևորվող առաջին նավը, որն անվտանգ կերպով նավարկել է Հորմուզի նեղուցով, որտեղ երթևեկությունը գործնականում կտրված է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից ի վեր։