1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հասել են վերջնագծին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է անմիջապես ավարտվի:
«Կարծում եմ՝ մենք շատ լավ վիճակում ենք: Գլխավորն այն է, որ մենք սա հաղթենք, հաղթենք արագ, բայց հաղթենք: Շատերն ասում են, որ արդեն հաղթել ենք: Հարցն այն է, թե երբ ենք կանգ առնելու: Մենք չենք ցանկանում թույլ տալ, որ այս ամենը կրկնվի: Մենք կցանկանայինք այնտեղ տեսնել մեկին, ով գիտի՝ ինչ է անում»,- նշել է Թրամփը:
Թրամփը նաև սպառնացել է մեկ ժամում ոչնչացնել Իրանի էներգահամակարգը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Միացյալ նահանգները կարող է հարվածներ հասցնել Թեհրանում և Իրանի այլ շրջաններում կարևորագույն օբյեկտների, ինչը երկրի վերականգնումը չափազանց բարդ կդարձնի:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։