armenpress.am Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը համաշխարհային շուկայի պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանման պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքի Ծոցի երկրները հակամարտության արդյունքում կրճատել են նավթի ընդհանուր արտադրությունը օրական առնվազն 10 միլիոն բարելով։ Այս ծավալը հավասար է համաշխարհային պահանջարկի գրեթե 10%-ին։ Էներգետիկայի միջազգային գործակալությունից նշում են, որ առանց նավագնացության հոսքերի արագ վերսկսման, այս կորուստները կավելանան։
Գործակալության 32 անդամ երկրներ մարտի 11-ին հայտարարել էին, որ իրենց պահուստներից դուրս կհանեն 400 միլիոն բարել նավթ։
Միացյալ Նահանգները նախագահ Թրամփի որոշմամբ պահուստներից 172 միլիոն բարել նավթ են բաց թողնելու։
Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ իր անդամներն ունեն ավելի քան 1.2 միլիարդ բարել պաշարներ։
Էներգետիկայի միջազգային գործակալության պահուստային համակարգը ստեղծվել է 1970-ականներին՝ արաբական պետությունների կողմից նավթային էմբարգոյի հետևանքով, որի հետևանքով խափանվել էր ԱՄՆ-ին և նրա որոշ դաշնակիցների մատակարարումները։ ԱՄՆ-ն և այլ անդամ երկրներ պարբերաբար օգտագործել են իրենց պաշարները՝ գնային ցնցումները ժամանակ։ Վերջին անգամ դրանք կիրառվել էին 2022 թվականին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրեց էներգակիրների գների կտրուկ աճի։