armenpress.am Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը ներկայում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, ինչը կարևոր քաղաքական ազդակ է և արտացոլում է երկու կողմերի համագործակցության խորությունը։
Այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերից, կողմերի համագործակցության զարգացման կարևոր փուլերից է։
«Այս գործընթացը մեր երկրի համար միայն ճամփորդության հնարավորության մասին չէ։ Այն ընդգրկում է լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր պետական ինստիտուտները, բարելավել միգրացիայի և սահմանների կառավարումը, ինչպես նաև զարգացնել միջազգային իրավապահ համագործակցությունը։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանը երկխոսության մեկնարկից ի վեր համադրելի երկրների շարքում ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը, ինչը չափազանց պարտավորեցնող գնահատական է։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ կարևոր եմ համարում նշել, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանն արդեն իսկ արձանագրել է շոշափելի առաջընթաց, իհարկե, մեր գնահատականներով։ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափանիշները»,-շեշտեց Սարգսյանը՝ հավելելով, որ գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով ստեղծվել են համապատասխան մեխանիզմներ։
ՆԳ նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու այս գործընթացի հաջող իրականացումը։