Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը ողջունել է պարոն Բրունների այցը Հայաստան և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։ Վարչապետն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԵՄ շարունակական օժանդակության փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին։ Երկրի ղեկավարը միաժամանակ գոհունակություն է հայտնել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից և հավելել, որ վիզաների ազատականացումը ևս մեկ կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ուղղությամբ։
Իր հերթին, Մագնուս Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Միաժամանակ, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։