Ըստ Արփինե Սարգսյանի՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման միջոցառումների իրականացման ժամկետները կախված են Հայաստանից | armenpress.am

armenpress.am ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում մշակվում է ճանապարհային քարտեզ, որպեսզի ՀՀ համապատասխան կառույցներն իրենց համար հստակեցնեն իրականացվելիք գործողությունների վերջնաժամկետները՝ քաղաքացիներին հնարավորին շուտ տեսանելի դարձնելով գործընթացի արդյունքները։

Այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով վիզաների ազատականացման երկխոսության ժամկետների հարցին։

«Վիզաների ազատականացման երկխոսությունը, առաջին հերթին, նաև մեր քաղաքացիներին տարբեր հնարավորություններ տալու մասին է, ուստի այս տեսանկյունից ժամկետներն առավելապես Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, դաշտում են գտնվում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ԵՄ գործընկերների կողմից տրամադրված գործողությունների ծրագրում որևէ ժամկետային սահմանափակում չկա և հայկական կողմից է կախված, թե դրանք ինչ ժամկետում արագ և որակով կիրականացնի։

«Մի շարք գործողություններ մեր գնահատմամբ արդեն իսկ կատարված են, և վստահ եմ, որ երբ տեսնենք առաջին գնահատման զեկույցը, այնտեղ ևս կլինեն այդպիսի արձանագրումներ։ Կլինեն գործողություններ, որոնք այս պահի դրությամբ ընթացքում են, և մենք հանձնառություն ունենք շարունակելու, լիակատար ապահովելու դրանց իրականացումը։ Առավելապես կարևոր է, որ մենք այդ գործողություններն անելու ենք որակով, որովհետև ամբողջ ծրագիրն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տարբեր ոլորտներ նոր ստանդարտ բերելն ու մեր քաղաքացիների կյանքի որակն ավելի բարելավելն է։ Հետևապես մենք ջանք չենք խնայելու այս տեսանկյունից»,-ընդգծեց նախարարը՝ հավաստիացնելով, որ մասնավորապես ներգերատեսչական մակարդակում ավելի պահանջկոտ մոտեցում է ցուցաբերվում և ավելի սեղմ ժամկետներ նախատեսվում տարբեր միջոցառումների կատարման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն