1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա:
«ԱՄՆ-ը աշխարհում նավթի խոշորագույն արտադրողն է, ուստի երբ նավթի գներն աճում են, մենք մեծ գումարներ ենք վաստակում։ Բայց, որպես նախագահ, ինձ համար շատ ավելի մեծ հետաքրքրություն և կարևորություն է ներկայացնում Իրանի չար կայսրության միջուկային զենքի առաջացումը կանխելը, որը կարող է ոչնչացնել Մերձավոր Արևելքը և, ըստ էության, ամբողջ աշխարհը: Ես երբեք դա թույլ չեմ տա»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:
Ռուսաստանն էլ ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ պատերազմը և վերադառնալ բանակցությունների: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Իրանում և հարևան արաբական երկրներում քաղաքացիական թիրախներին և ենթակառուցվածքներին հարվածներն անընդունելի են:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։